Ծնվել է Բաքվում։ Միջնակարգ կրթությունն ստացել է Ռոստովում։ 1920 թվականին ընդունվել է Նոր Նախիջևանի Գեղարվեստական ուսումնարանը, որտեղ աշակերտել է Մարտիրոս Սարյանին և Ստեփան Աղաջանյանին։ 1924 թվականին եկել է Երևան, որպես նկարիչ ձևավորող աշխատել Երևանի պետական առաջին թատրոնում, ռեժիսորներ Ա. Բուրջալյանի և Լևոն Քալանթարի հետ։ Այդ թատրոնում ձևավորել է «Առավոտից մինչև կես գիշեր», «Տարտյուֆ», «Ռևիզոր», «Պատվի համար», «Պարտիզպանի շունը», «Թույն», «Օթելլո», «Չար ոգի», «Եկամտավոր պաշտոն», «Մորգանի խնամին», «Տրիլբի», «Պաղտասար աղբար» և այլ բեմադրություններ[2]։
1927 թվականին մեկնել է Մոսկվա, մինչև 1931 թվականը սովորել բարձրագույն նկարչական ուսումնարանում։ Այդ տարիներին նրա ձևավորումով Մոսկվայում Ռ. Ստուդիայում բեմադրվել են «Խաթաբալան» և «Ատամնաբույժն արևելյանը»։ Այնուհետև աշխատել է Մոսկվայի և խորհրդային այլ քաղաքների թատրոններում, պահպանելով սերտ կապը Հայաստանի հետ։ 1933 թվականին նրա ձևավորմամբ է բեմադրվել «Եգոր Բուլըչովը և ուրիշները» Գաբրիել Սունդուկյանի թատրոնում։ Ձևավորել է նաև Երևանի այլ թատրոնների մի քանի բեմադրություններ։ 1962 թվականին ծննդյան 60-ամյակի առթիվ Երևանում կազմակերպվել է նրա նկարների մեծ ցուցահանդես[3][4]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 138)։